Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
27/05/2024
Այս տարվա Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ավելի ազդեցիկ և լուսավոր է ստացվում, քան երբևէ: Ucom ընկերության աջակցությամբ փառատոնի շրջանակում շարունակում է գործել Երիտասարդական անկյունը, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվում են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։
Երիտասարդական անկյունն այս տարի կազմակերպվել էր առաջին անգամ, սակայն թե՛ մասնակից կազմակերպությունների և թե՛ այցելուների մեծ հետաքրքրությանը հուշում է կազմակերպչական թիմին, որ միջոցառումը կդառնա շարունակական։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես այցելեց Երիտասարդական անկյուն, շրջեց և ծանոթացավ էքսպոյի մասնակիցների հետ, այցելեց «Բնություն և սոցիալական ձեռներեցություն» աշխատարանը, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես ձեռներեցությունը կարող է դրական փոփոխություններ բերել հասարակությունում և շրջակա միջավայրի վրա, ինչպես կարող են նորարարական բիզնես մոդելները լուծել բնապահպանական հրատապ մարտահրավերները՝ միաժամանակ ստեղծելով սոցիալական ազդեցություն:
«Ucom-ի համար էլ, ինձ համար էլ, էկոլոգիան ու շրջակա միջավայրն ամենաբարձր արժեքներից են, քանի որ մենք լավ գիտակցում ենք, որ առանց առողջ բնության հնարավոր չէ լիարժեք կյանք ունենալ։ Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին։ Բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է կրթել նոր սերունդը, երիտասարդներին տալ այնպիսի գիտելիքներ, որ նրանք էլ իրենց հերթին հոգ տանեն մեր մոլորակի մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Երիտասարդական անկյունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բնապահպանական կարևոր խնդիրներին, այլև ստեղծում է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են զարգանալ, սովորել և փոխկապակցվել՝ դառնալով փոփոխության առաջատարներ իրենց համայնքներում և աշխարհում: Մեր համատեղ ջանքերով կկարողանանք ձևավորել մի աշխարհ, որտեղ ձեռներեցությունը և նորարարությունը կծառայեն բնության և հասարակության բարօրության համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։
Երիտասարդական անկյունը բաց տարածք է՝ բնության և շրջակա միջավայրի մասին խոսելու, կրթական նախաձեռնությունների և հնարավորությունների մասին առաջինը տեղեկանալու համար։ Այս տաղավարներում մասնակիցները ծանոթանում են ոլորտում գործող առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին։